Կամչատկայի քննիչները պարզում են հայտնի ջութակահար Դենիս Ֆեոֆենտովի խորհրդավոր մահվան պատճառները: Երաժիշտը հունիսի 19-ին շան հետ գնացել է զբոսնելու ու չի վերադարձել: Ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերել են անտառում: Մահացած երաժշտի կողքին եղել է նրա Մաուգլի անունով շունը:
Ջութակահարի դին գտել են Դանիլովկա գյուղին մոտ գտնվող անտառում: Փաստի առիթով իրավապահները նախաքննություն են սկսել:
«Մարմնի գտնվելու վայրից լեռան լանջով երկու մետր վերեւ խարույկի թարմ հետքեր են հայտնաբերվել: Խարույկի եւ մարմնի գտնվելու վայրի միջեւ ընկած տարածությունում աճած ծառերի վրա կոտրված ճյուղեր կան: Խուզարկության վայրում իրեր են հայտնաբերվել, այդ թվում՝ դրամական միջոցներ»,- ստուգումների արդյունքների մասին տեղեկացրել են ՌԴ քննչական կոմիտեի Կամչատկայի մարզի վարչությունում:
«Россия 24»-ի փոխանցմամբ, ըստ նախնական տվյալների, Դենիս Ֆեոֆենտովը կարող էր ընկնել սարից ու վնասվել:
27-ամյա Դենիս Ֆեոֆենտովը լավ հայտնի էր երաժիշտների շրջանում: Նա տարբեր փառատոնների է մասնակցել եւ Կամչատկայի շրջանում մեծ ճանաչում ուներ: Վերջին կես տարվա ընթացքում ջութակահարն աշխատում էր մարզային ֆիլհարմոնիկում:





























