Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելը, մասնակցելով թուրքական իշխանությունների վերջին գործողությունների դեմ կազմակերպված բողոքի միջոցառմանը, հայտարարել է, որ իրենք PKK-ն (Քրդական աշխատավորական կուսակցություն) չեն համարում ահաբեկչական կառույց։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում հավաքվածները բողոքել են թուրքական իշխանությունների կողմից 2 օր առաջ Սիլոպիում քրդերի կազմակերպած բողոքի ցույցը դաժանորեն ցրելու դեմ: Հավաքվածները պարզել էին կարգախոսներ. «Սիլոպի ահաբեկչությունը եւ Իսրայելի կողմից նավերի նկատմամբ իրականացրած ահաբեկչությունը առանց տարբերություն դնելու խստորեն քննադատում ենք»:
Բողոքի միջոցառմանը ելույթով հանդես եկած Թուրքիայի խորհրդարանի «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը, անդրադառնալով Սիլոպիում ոստիկանության կողմից բողոքի երթ իրականացնել ցանկացողների նկատմամբ իրականացրած բռնությանը, շարունակել է. «Մենք խստորեն քննադատում ենք Սիլոպիում ոստիկանության բռնությունները, որի ընթացքում վնասվածքներ ստացան պատգամավորներ։ Պետությունը իր իրական դեմքը մեկ անգամ եւս ցույց տվեց պատգամավորներին»:
Սեբահաթ Թունջելը դիմելով Էրդողանին՝ ասել է. «Նաթանյահուի եւ ձեր մեջ ի՞նչ տարբերություն կա։ Նա պաղեստինյան ժողովրդի նկատմամբ է բռնություն իրականացնում, դուք՝ քուրդ ժողովրդի։ Ասում եք, որ «Համասը» չեք ընդունում, որպես ահաբեկչական կառույց։ Մենք էլ PKK-ն չենք համարում ահաբեկչական կառույց, եւ սա մեկ անգամ եւս այստեղից կրկնում եմ»:
Նշենք, որ հունիսի 3-ին Թուրքիայի Շրնաքի նահանգի Սիլոպի շրջանում քրդական բնակչությունը կազմակերպել էր բողոքի ակցիաներ, որի ժամանակ ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ընթացքում «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Շրնաքից ընտրված պատգամավոր Սեւահիր Բայընդըրի կոնքոսկրն է կոտրվել։ Իսկ ավելի ուշ Շրնաքում ոստիկանական զրահամեքենան վրաերթի է ենարկել 14-ամյա մի տղայի, ով տեղում մահացել է։




























