Ռուս-թուրքական մերձեցումը սկսվել է ոչ այսօր. Հարավային Օսիայում օգոստոսյան պատերազմից հետո այն միայն արագացել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ Ըստ նրա, ակնհայտ է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը համընկնում են, և առաջին հերթին, դա է մատնանշում այն փաստը, որ օգոստոսյան պատերազմից հետո Թուրքիան ձեռնարկեց Կովկասում անվտանգության ու կայունության պլատֆորմի ստեղծումը, և սկսեց քննարկել այն Ռուսաստանի հետ՝ առանց ԱՄՆ-ի նախնական հավանության։
Դրանից հետո, ըստ Թորոսյանի, Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները կտրուկ լավացան, ինչի մասին վկայում է և այն փաստը, որ Ռուսաստանը փաստորեն հրավիրեց Թուրքիային մասնակցել իր «Հարավային հոսք» նախագծին։ «Թուրքիան միշտ էլ հմտորեն է օգտագործում ակներևաբար հեռանկար չունեցող գաղափարները։ Նման գաղափարներից է վերոհիշյալ պլատֆորմը, որը մինչ այժմ դեռ չի ձևակերպվել նախագծի տեսքով»,- նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետների ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փոխադարձ շահերի ու պայմանավորվածությունների համաձայնեցման արդյունք։
Ըստ նրա, Թուրքիան չի կարող մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ «Ակնհայտ է, որ Թուրքիան ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի։ Հարավային Օսիայի պատերազմից հետո պարզ դարձավ, որ Վրաստանը լիովին ու կտրուկ կերպով անցել է ԱՄՆ-ի ազդեցության ոլորտ։ Ռուսաստանը հայտնվել է ոչ նախանձելի դրության մեջ, քանի որ վտանգ է առաջացել, որ Հայաստանը կամ Ադրբեջանը նույնպես կգնան վրացական ճանապարհով, և Մոսկվան լիովին կկորցնի իր ազդեցությունը Կովկասում»,- նշել է նա։
Ռուսական, թուրքական ու ադրբեջանական հարաբերությունների մերձեցումը, ըստ քաղաքագետի, պետք է ստիպի Հայաստանին ավելի ուշադիր լինել, որպեսզի այն տեղի չունենա ի հաշիվ իր շահերի։ Իսկ այդ կապակցությամբ նա հիշեցրել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի անցյալ տարի Երևան կատարած այցը, որից հետո վերջինս արդեն Մոսկվայում լինելով՝ կոչ արեց Հայաստանին մի կողմից՝ արագացնել Ադրբեջանի հետ խնդիրների լուծման գործընթացը, մյուս կողմից՝ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները և, կոպիտ ասած, «կյանքի ճանապարհ» ստանալ։ Այս ողջ տարվա ընթացքում, ըստ Թորոսյանի, Հայաստանը չկարողացավ մշակել համապատասխան արտաքին քաղաքականություն։
«Հայաստանն ի վիճակի չէ ազդելու Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա, սակայն նա պարտավոր է, ծայրահեղ դեպքում, սթափ գնահատել իրավիճակը, բարձրացնել սեփական խնդիրները, որպեսզի այդ երկրները գոնե չվնասեն իրեն»,- ընդգծել է Թորոսյանը։




























