Հաղթանակ զբոսայգում NEWS.am լրատվական գործակալության եւ «ԱրմենՏել» ընկերության կազմակերպած ծառատունկի ծառերն արդեն կանաչել են: Հաղթանակ զբոսայգու կանաչապատման տեղամասի պետ Հրանտ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տնկված ծառերը 100 տոկոսով կպել են եւ նույնիսկ 2-3 սմ աճել: Նա նաեւ նշեց, որ ծառերը խնամվում եւ շաբաթը մեկ անգամ ոռոգվում են:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին կազմակերպված ծառատունկի ժամանակ տնկվեց 107 ծառ: Ակցիային մասնակցում էին ոչ միայն NEWS.am-ի եւ «ԱրմենՏելի» աշխատակիցները, այլեւ այլ լրատվամիջոցների` Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի, «Գոլոս Արմենիի», «Կապիտալ», «Առավոտ», «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ» թերթերի, Panarmenian.net գործակալության, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները:
NEWS.am-ն իր խոստմանը համաձայն, հետեւում է ծառերի հետագա ճակատագրին: Մեր թղթակիցն այսօր այցելել է «Հաղթանակի» զբոսայգի եւ պարզել, որ իսկապես, գրեթե բոլոր ծառերը կանաչել են:
Հիշեցնենք, որ ծառատունկի արդյունքում «Հաղթանակ» զբոսայգում «Լրագրողների ծառուղի» է ստեղծվել, որը պետք է վարակի բոլոր լրատվամիջոցներին՝ նմանատիպ ակցիաներ կազմակերպելու առումով:


























