ԱԺ ոչ իշխանական քառյակը հանդես է էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հայտարարությամբ եւ դատապարտել հունիսի 23-ին սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունները:

Քառյակի հայտարարությունում ասվում է.

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է 40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ:

Մենք արձանագրում ենք.

1. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները անհամոզիչ են եւ անընդունելի:

2. Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ վիճակում հայտնվելը բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում տարիներ շարունակ իրականացվող ոչ արդյունավետ եւ անհամարժեք քաղաքականության վկայությունն է:

3. Էլեկտրաէներգիայի սակագնի աճը վատթարացնելու է սոցիալ-տնտեսական պայմանները՝ մեծացնելով գնաճը, աղքատության մակարդակը, նվազեցնելով բնակչության գնողունակությունն ու հայկական ապրանքների մրցունակությունը:

4. Էլեկտրաէներգետիկ համակարգում ֆինանսական ճեղքվածքը հաղթահարելու համար կառավարությունը պետք է օգտագործի ֆինանսական այլ ռեսուրսներ՝ բացառելով հասարակության եւ տնտեսության վրա սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

1. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական եւ ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին:

2. Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձեւավորելու նպատակով` նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման կանխատեսելի համակարգ:

3. Մինչեւ վերը նշված գործողությունները կատարելը՝ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

Միաժամանակ քառյակը դատապարտում է հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

«Ժառանգություն» խմբակցություն

«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն»։