Բոլիվիայի իշխանությունները Կոնգրեսի շենքի մոտ ժամ են տեղադրել, որի սլաքները հակառակ ուղղությամբ են պտտվում, ինչը հարավային կիսագնդի երկրների ժողովուրդների ինքնության խորհրդանիշն է, հաղորդել է Կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահ Մարսելո Էլիոն։

Բոլիվիայի կոնգրեսի ժամացույցի սլաքները հակառակ հերթականությամբ են տեղադրված, ուստի ընթացիկ ժամանակում դրանք իրական ժամանակին համապատասխան են ցույց տալիս: «Հակառակ կողմ ընթացող ժամը ցույց է տալիս, որ մեր Հյուսիսը Հարավում է: Հենց հարավում են ծնվում գաղափարախոսություններ», - Twitter-ի իր էջում գրել է Էլիոն: Ավելի վաղ «մեր Հյուսիսը Հարավում է» արտահայտությունը՝ հնչեցված անցյալ դարի 40-ական թթ. ուրուգվայցի նկարիչ, գրող եւ պոետ Խոակին Տորրես Գարսիայի կողմից, հարավամերիկյան երկրներում շատ քաղաքական գործիչներ են օգտագործում՝ ցանկանալով ընդգծել իրենց պետությունների ինքնությունը, եւ որ իրենց կառավարությունները կախված չեն «հյուսիսային հարեւանից» (ԱՄՆ), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սա նշանակում է, որ մեր համար հյուսիսային բեւեռը դարձել է հարավային… նշանակում է հարավի մտածողություն, այլ ոչ թե հյուսիսից պարտադրված», - շարունակել է Էլիոն:

Բոլիվիական ABI գործակալության փոխանցմամբ՝ իր հերթին, երկրի արտաքին գործերի նախարար Դավիդ Չոկեուանկան, հաղորդել է, որ «երկրի ժամացույցները պետք է դեպի ձախ պպտվեն: Նրա խոսքով՝ դա բացատրվում է նրանով, որ Բոլիվիան տեղակայված է հարավային կիսագնդում, եւ նրա տարածքում արեւային ժամացույցները «ձախ ուղղությամբ են աշխատում»: