Պակիստանի Փեշավար քաղաքում երեկ՝ հունիսի 24-ին, զինյալները վայրէջքի պահին կրակել են ինքնաթիռի վրա, հաղորդում է Reuters-ը: Կրակոցների հետեւանքով սպանվել է մի կին, եւ վիրավորվել են ինքնաթիռի անձնակազմի 3 անդամներ: Սա հունիս ամսվա ընթացքում Պակիստանի օդանավակայանում տեղի ունեցած երրորդ դեպքն է:
PK 756 ինքնաթիռը Սաուդյան Արաբիայից ուղեւորվել է Պակիստան, ինքնաթիռում գտնվել են 178 ուղեւոր, հաղորդում է Lenta.ru-ն:
Կրակոցների ժամանակ մահացած կնոջ կողքին նստած է եղել իր 9-ամյա աղջիկը: «Երբ ես մտա ինքնաթիռ, նկատեցի նստատեղի վրա անշունչ ընկած կնոջն ու նրա 9-ամյա աղջկան, ով անընդհատ կրկնում էր. իմ մայրը մահացած է», - պատմել է Pakistan International Airlines-ի աշխատակցուհի Մոհամադ Քիֆայաթուլլա Խանը:
«Ինքնաթիռի օդաչուն մազապուրծ է եղել փամփուշտի հարվածից: Եթե նրան կրակեին, ապա իսկական դժբախտություն կպատահեր», ավելացրել է աշխատակցուհին:
Ենթադրվում է, որ այս հարձակման հեղինակը «Թալիբանն» է, որի դեմ Իսլամաբադը հունիսի 15- ից պաշտոնապես պատերազմական արշավ է սկսել: Պակիստանը փորձում է դուրս շպրտել թալիբներին Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Հյուսիսային Վազիրիստանի լեռնային թաքստոցներից:





























