Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 5-ին այցելել է ԱԺՄ կուսակցության գրասենյակ եւ հանդիպել կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում վարչապետի թիկնապահները փորձել են արգելել լուսանկարել: Վարչապետը տեսնելով դա, իր թիկնապահին նկատողություն է արել՝ ասելով, որ ֆոտոլրագրողն իր աշխատանքն է կատարում եւ չի կարելի խանգարել նրան:
Տիգրան Սարգսյանը եղել է որդու հետ, «Բնապահպան» մակագրությամբ շապիկներով, քանի որ մինչ այդ նա մասնակցել է Հրազդանի ձորի մաքրման «Երեք կամուրջ» ծրագրի մեկնարկին, որն իրականացվում է վարչապետի նախաձեռնությամբ՝ «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի շրջանակներում:
Վարչապետի օգնական Արամ Անանյանը Տ. Սարգսյանի ԱԺՄ այցելության մասին ասել է, որ վարչապետը Վազգեն Մանուկյանի հետ հանդիպել է «ի պաշտոնե` որպես երկրի վարչապետ»:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը 1990-95 թթ եղել է խորհրդարանում ԱԺՄ խմբակցության անդամ:



























