Չինական Անհոյ նահանգի իշխանություններին հետաքրքել է երկու տարեկան հասակի հարբեցողի կյանքը, հաղորդում է «The Daily Mail»-ը: Չեն Չենի ծնողները վաղ տարիքից նրան ալկոհոլին են ընտելացրել, երեխան կախվածություն ունի: Իրավիճակը պարզում են բժիշկներն ու սոցծառայողները:
Թե ինչպես է այս մասին տեղեկացել մամուլը, չի նշվում: Բողոքի ալիքը հասել է տեղական իշխանություններին, որոնք իրենց հերթին խնդրել են բժիշկներին եւ սոցծառայողներին պարզել իրավիճակը:
Չեն Չենի ծնողները նրան առաջին անգամ գինի են տվել 10 ամսական հասակում: Հայրը երեխային «գինի է հյուրասիրել»՝լացը կտրելու համար: Դրական արդյունքը թույլ է տվել պարբերաբար կրկնել:
Երկու տարեկանում Չեն Չենը մի քանի րոպեում մի ամբողջ շիշ գարեջուր կարող է խմել: Ծնողները փորձել են ալկոհոլը փոխարինել կաթով կամ հյութով, բայց անօգուտ, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Չինական հասարակության շրջանում սա դժգոհություն է հարուցել: Սկզբում ընտանիքում կատակով էին վերաբերում: Նրա մորաքույրը պատմում է, որ չար երեխան ուրիշ ելք չէր թողնում, բացի իրեն խմիչքը տալուց: Ընտանիքը սկսել էր երեխայից պահել շշերը:
Օրենքի հետ հնարավոր խնդիրներից եւ աղմուկից վախենալով՝ ծնողները խոստացել են, որ ինչ էլ լինի, Չենին խմիչք այլեւս չեն տա:





























