Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները կարող են «նոր դարաշրջանի» սկիզբը ազդարարել, եթե Հայաստանը եւ հայկական սփյուռքը պատրաստ լինեն խիզախ քայելերի՝ նման Էրդողանի ցավակցական ուղերձի:
Turkish Policy Quarterly հանդեսի գարնանային համարում տպագրված հոդվածում Դավութօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ցավակցական ուղերձը չպետք է դիտարկվի որպես իրավիճակային քայլ, այլ որպես «կարծիքների եւ հիշողության կերպափոխման նախերգանք»: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում կարող է նոր ժամանակաշրջան սկսվել, եթե քաղաքական գործիչները եւ մտավորականները հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու եւ «ընդհանուր հիշողություն» ստեղծելու համար իրենց գործն անեն, - հայտարարել է Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ 1915թ. իրադարձությունների շուրջ «անարդարացի հիշողություն» է ձեւավորված, եւ որպեսզի հայերն ու թուրքերը հասկանան, թե ինչի միջով են անցել, պետք է հարգեն մեկը մյուսի հիշողությունը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
«Հայերի համար 1915թ. տեղահանումների տարի էր, որի ընթացքում մեծ ողբերգություններ տեղի ունեցան: Դրա նախորդ և հաջորդ տարիները զարհուրելի ողբերգությունների տարիներ էին Անատոլիայի թուրքերի համար: Հենց այդ ժամանակ թուրքերը գոյության համար կռիվ էին մղում Բալկաններում, Չանաքալում եւ անկախության համար պատերազմում: Իրականում այդ ժամանակաշրջանը համատեղ ցավի տարիներ էին», – գրել է Դավութօղլուն:



























