Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանը համարում է, որ Ռուսաստանում միգրացիոն օրենսդրությունը ոչ թե խստացել, այլ անգամ մեղմացվել է: «Որքանով որ ծանոթ եմ ռուսական օրենսդրությանը, 3 տարի առաջ նրանք բավական լիբերալ, փափուկ օրենսդրություն մտցրեցին: Մասնավորապես՝ աշխատանքային միգրացիայի հետ կապված դյուրացրեցին թույլտվություններ տրամադրելու համակարգը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա: Հիշեցմանը, թե այլ երկրներից միգրանտների համար Ռուսաստանում քվոտաներ են սահմանվել, Գ. Եգանյանն ասաց. «Դա միգրացիոն օրենսդրության խստացում չէ, ուղղակի աշխատաշուկայում տեղծված իրավիճակի արձագանքն է: Ճգնաժամ կա, որի պայմաններում պարզ է որ աշխատատեղերը կրճատվում են: Այսինքն թույլտվություն ստանալու ռեժիմը դյուրացվել է, սակայն քանակը պակասել է: Ամեն դեպքում, դուք էլ տեղյակ չեք լինի, որ որեւէ հայ ցանկություն է ունեցել թույլտվություն ստանալ, բայց նրան պատասխանել են, որ քանի որ քվոտան լրացել է` թույլտվություն չենք տալիս»:
Գործակալության պետի խոսքով, այդ կրճատված քվոտան էլ, բավարար է ցանկացողներին, «ուղղակի շատերը հին ձեւով, էլի շրջանցելով օրենսդրությունը, իրենց հին կապերով շարունակում են աշխատել` որոշակի ռիսկեր ստեղծելով իրենց համար»:
Այնուհետեւ անդրադառնալով Ռուսաստանում քսենոֆոբիայի երեւույթին, նա նշեց. «Խնդիրն այն է, որ այդ երեւույթը, բարեբախտաբար, լոկ հայկական ուղղվածություն չունի, եւ էլի բարեբախտաբար` զանգվածային չէ: Ի դեպ, ռուսական հասարակությանը բնորոշ է եղել նմանատիպ վարվելակերպը տարբեր ժամանակներում: Սա ավելի շատ ռուսական հասարակության ներքին խնդիրն է, որն, իհարկե, բարբարոսական եւ ողբերգական դրսեւորում է ունենում, բայց հասարակությունն ինքը պետք է պայքարի, օր առաջ դրա դեմն առնի, հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորի, ոչ թե ծածկադմփոց անի տեղի ունեցած դեպքերը»:



























