ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ իրավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, որն ընդունվել է Ժնեւում հուլիսի 13-31-ը տեղի ունեցած 96-րդ նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ պարբերական երրորդ զեկույցի քննարկումների արդյունքում,- հաղորդում է «Էխո»-ն։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի անհանգստությունը հարուցած հարցերի շարքում նշվում են կանանց նկատմամբ բռնությունը, վաղ ամուսնությունները, կանանց իրավունքների սահմանափակումը պետական բարձր պաշտոններում նշանակվելիս, փաստաբանների պակասը, ոստիկանության կողմից ձերբակալված անձանց իրավունքների խախտումը, ապաստան տրամադրելուց իշխանությունների հրաժարվելը և ապաստան հայցողներին երկրից արտաքսելը։
Կոմիտեն մտահոգություն է հայտնել նաև կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի փաստերի, ոստիկանական տեղամասերում ու բանտերում ձերբակալվածների մահվան դեպքերի, դատական մարմինների ու ընդհանուր առմամբ Ադրբեջանի իրավական համակարգի կոռումպացվածության մասին հաղորդումների առկայության կապակցությամբ։
Զեկույցում նշվում են նաև կրոնական համայնքներին Կովկասի մուսուլմանների վարչությանը ենթարկվել և պարտադիր կերպով գրանցվել պահանջող օրենսդրության վերջին սահմանափակումները, ինչպես նաև Ադրբեջանից դուրս աստվածաբանական կրթություն ստացածների կրոնական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը։
Կոմիտեն անհանգստություն է հայտնել խոսքի և լրատվամիջոցների ազատության իրավունքի լրջագույն սահմանափակումների, մի շարք թերթերի փակման և արտասահմանյան ռադիոկայաններին արտոնագիր տրամադրելուց հրաժարվելու կապակցությամբ։ «Հատուկ անհանգստություն են առաջացնում լրագրողներին հետապնդելու ու խուլիգանության մեղադրանքով ձերբակալելու մասին հաղորդումները։ Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր իրենց կարծիքը հայտնել են ինտերնետում»։ Իշխանությունները պետք է վերջ դնեն խոսքի ազատության ուղղակի և անուղղակի արգելքներին, ապահովեն մամուլի աշխատողների պաշտպանությունը, օրենսդրությունը համապատասխանեցնեն միջազգային պարտավորություններին ու փաստաթղթերին",- նշվում է զեկույցում։ Մարդու իրավունքների կոմիտեն անհանգստություն է հայտնել նաև հավաքների ազատության պահպանվող արգելքի և ազգային ու սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտումների կապակցությամբ։




























