Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ քաղաքական որոշումն արդեն կայացվել է, մնում են տնտեսական հարցերը: Այս մասին այսօր` հունիսի 26-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Քաղաքական որոշումն արդեն կայացվել է, որ մինչեւ հուլիսի մեկը պետք է պատրաստ լինեն փաստաթղթեր: Որեւէ երկիր եւ որեւէ երկրի ներկայացուցիչ վերապահումով չի խոսել Հայաստանի անդամակցության մասին: Մենք ասել ենք, որ տեխնիկական հարցեր են մնացել»,- ասաց նա:

Անդրադառնալով գործադիր մարմնի նիստին` ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցեր: Մասնավորապես Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած այցի եւ ՌԴ արտգործնախարարի` Հայաստան կատարած այցի մասին է խոսել` ընդգծելով, որ հանդիպումները կառուցողական են եղել: