NEWS.am-ը զրուցել է  Լիբանանի խորհրդարանի պատգամավոր  «Մարտի 14»-ի դաշինքը ներկայացնող Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ Սեպուհ Կալպակյանի հետ։

Պրն Կալպակյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական գործընթացի  ներկա փուլը։  Շատ փորձագետներ նշում են, որ հայ-թուրքական գործընթացը  մեռած է, շատերի կարծիքով էլ՝ գործընթացը դեռեւս կենսունակ է ու հարմար ժամանակի կրկին կվերաակտիվացվի։

Կարծում եմ, որ գնահատելի է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քայլը՝ գործընթացը կասեցնելու վերաբերյալ։ Ըստ իս, հայ-թուրքական հարաբերությունները դեռեւս կարիք ունեն քննարկման, հստակեցման։ Հետագայում միջազգային հանրությունը կփորձի, այսպես ասած, կլորացնել գործընթացի արդյունքները եւ այն  շարունակելու փորձեր կանի։  Սակայն դա չի նշանակում, որ ձեռքներս ծալած պիտի նստենք, ընդհակառակը, պետք է շարունակենք աշխատանքները համայն հայության հետ, որպեսզի հասունացնենք գործընթացը եւ ազգովի պատրաստ լինենք դրա շարունակությանը։

Որպեսզի բոլորս ընկալած լինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նպատակները, թե ո՞ւր են գնում, ի՞նչ անելու համար, որո՞նք են մեր օգուտներն ու վնասները։ Թեեւ այս ողջ ընթացքում ասվում էր, որ արձանագրություններում չկան նախապայմաններ, սակայն բոլորիս համար էլ պարզ է, որ կա նախապայման ու այդ պայմանը ԼՂ հարցի լուծումն է։ Այսօր տեսնում ենք, որ արցախյան հարցը շատ կրիտիկական  հանգրվանում է, ընդհուպ հնարավոր է պատերազմի վերսկսում։ Մենք պատերազմի վերսկսման կողմնակիցը չենք ու կարծում ենք, որ մեր պատմական հայրենիքը, որն արյամբ ենք նվաճել, ոչ մի դեպքում չպետք է զիջենք վերստին։

Իսկ այս ընթացքում, քանի դեռ կասեցված է հայ-թուրքական գործընթացը, ըստ Ձեզ, ի՞նչը պետք է լինի Հայաստանի իշխանությունների անելիքը հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ։

Առաջարկում ենք Սերժ Սարգսյանին հանձնախումբ ձեւավորել, որին մաս կկազմեն ավանդական կուսակցությունները։ Այդ հանձնախումբը թող փորձի այս մեռյալ ժամանակաշրջանում վերաուսումնասիրել հայ-թուրքական գործընթացը, առաջարկներ մշակել, մատնանաշել այն դժվարությունները, որոնք կարող են ի հայտ գալ գործընթացը վերսկսելու պարագայում, ինչպես նաեւ Հայաստանի իշխանություններին կողմնորոշել այս կամ այն դժվարությունը հաղթահարելու հարցում։ Մենք տասնյակ տարիներ  պայքարում ենք Սփյուռքում, այս ողջ ընթացքում մեր դրոշը բարձր ենք պահել, եւ մեր փորձն ավելի մեծ է, քան հայրենի իշխանություններինը։ 

Շատերը կարծում են, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը պետք էր ոչ  թե կասեցնել, այլ այդ փաստաթղթերը պետք է աղբարկղը նետվեին, եւ Թուրքիայի հետ նոր համաձայնագիր պետք է  ստորագրվեր։ Դուք ե՞ւս կարծում եք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է սկսել նոր կետից։

Դա ձեւերից մեկն է։ Բայց կարելի է նաեւ եղած արձանագրություններում էլ որոշակի ճշգրտումներ ու հստակեցումներ մտցնել ու շարունակել գործընթացը։ Սակայն քանի դեռ Թուրքիան չի ընդունել, որ ինքը Ցեղասպանություն է գործել, կարծում եմ ամեն ինչ պետք է հետաձգվի։ Եւ միայն  դրանից հետո կարելի է նստել ու խոսել նորմալ հարաբերություններ հաստատելու մասին։ 

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ռուս-թուրքական մերձեցումը։ Այդ   հարաբերություններն ինչպե՞ս կարող են ազդել հայ-թուրքական գործընթացի վրա։

Առաջին հայացքից այդ հարաբերությունները նպաստավոր չեն։ Պետք է ասեմ, որ Թուրքիան վերջին շրջանում  բոլոր երկրների հետ, այսպես ասած, բացվելու քաղաքականություն է տանում։ Վերցնենք հենց թեկուզ Լիբանանն ու շրջակա երկրները։ Չեք պատկերացնում, թե այժմ Լիբանանում որքան դրական են տրմադրված Թուրքիայի հանդեպ։ Միջին Արեւելքը, Սիրան եւ մյուս բոլոր երկրները կարծես սիրահարված լինեն Թուրքիայի վրա։ Վերջին շրջանում հաճախակի հանդիպումներ են տեղի ունենում Թուրքիայի ու Լիբանանի իշխանությունների միջեւ։ Սիրիան ու Լիբանանն արդեն բացել են իրենց սահմաններն, ու առանց վիզայի կարող ես Թուրքիա գնալ։ Մենք այս ամենի մեջ տեսնում ենք Թուրքիայի խորամանկ քաղաքականությունը՝ բոլորի հետ բացվելու, բոլոր երկրների առաջ գլուխ ծռելու։ Թուրքիան մեկ նպատակ ունի՝  այսպիսով վերացնել հայկական հարցը մեջտեղից։

Ամեն տարի, երբ մենք Լիբանանահայ համայնքում նշում էինք Ցեղասպանության տարելիցը, մշտապես Լիբանանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները ներկա էին լինում այդ միջոցառմանը։ Իսկ այս տարի, երբ նշում էինք 95-րդ տարելիցը, Լիբանանի իշխանությունները զլացան ներկա գտնվել։ Սա նշանակում է՝ պետք է այլեւս վերջ տալ Թուրքիայի նկատմամբ  կոշտ դիրքորոշումներին։ Այնպես որ՝ ցանկացած մերձեցում, որը տեղի է ունենում Թուրքիայի եւ այլ պետության միջեւ, ազդելու է Հայ դատի վրա։

Պրն Կալպակյան, իսկ ի՞նչն է պատճառը, որ Թուրքիան, ՁԵր բառով ասած՝  չի բացվում նաեւ Հայաստանի առաջ։  Ի՞նչն է ստիպում Թուրքիային փակ պահել Հայաստանի սահմանը։ 

Դրա պատասխանը պետք է փնտրել հայ-թուրքական արձանագրություններից բացի ստորագրված այն փաստաթղթերում, որոնց մասին մենք չգիտենք։ Այդ ի՞նչ է խոստացվել, որ չի կատարվում, եւ ի՞նչն է պատճառը, որ այս ամբողջ գործընթացը կասեցվեց:  Հենց այս հարցերի մեջ է թաքնված պատասխանը։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները գնացին մինչեւ վերջ եւ ինչ որ պահանջվեց նրանցից, ստորագրեցին։ Բայց երեւի թե  չստորագրված, բայց պայմանավորված ինչ-որ բաներ էլ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք։ 

Զրուցեց՝ Հեղինե Մանուկյանը