Հայաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ ժամանակավորապես ընթանում է խորհրդարանական քառօրյան, բողոքի գործողություն է ընթանում «Լեզվի մասին» եւ «ընդհանուր կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու դեմ:
Բողոքի գործողությանը մասնակցում են մոտ երկու տասնյակ մարդիկ, նույնքան էլ իրավապահներ: Գործողության մասնակիցները պահանջում են Հայաստանի Ազգային ժողովի օրակարգից հանել օտարալեզու դպրոցների բացում նախատեսող օրենքները, նաեւ կրթության եւ գիտության նախարար, «հակաազգային քաղաքական գործիչ» Արմեն Աշոտյանի հրաժարականը:
Բողոքողները պահում են պաստառներ «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց», «Ոչ հակազգային օրինագծին» վերտառություններով: Կառավարող հանրապետական կուսակցության յուրաքանչյուր ներկայացուցչի տեսնելուն պես նրան բացականչում են «ամոթ», «դավաճան»:
Մասնավորապես նման «պատվի» է արժանացել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով ի դեպ, մասնագիտությամբ հայերենի ուսուցիչ է: Բողոքողները, կանգնեցնելով նրան, բղավել եւ արտահայտություններ են արել նրա հասցեին: Նրանք պնդել են, որ օրինագիծը վնասակար է սերունդների հայրենասիրական կրթության համար, մեղադրել Սահակյանին Նժդեհի գաղափարներին դավաճանելու մեջ:
Սակայն Սահակյանն անվրդով լսել է ամեն ինչ եւ հայտնել, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի»։
Ակտիվիստները խոստանում են գործողություններն իրականացնել ամեն օր մինչեւ հաղթական ավարտ: Նշենք, որ օրինագծերն այսօր չեն քննարկվի, քանի որ մահացել է Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հայրը:



























