Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի թոռ Հարրին վերանորոգել է անտառային հրդեհներից տուժած չիլիացի ընտանիքի հեռուստացույցը՝ իրենց ազգային հավաքականի եւ Բրազիլիայի հավաքականի միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը դիտելու համար: Այդ մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցներին:

Հունիսի 28-ին արքայազն Հարրին այցելել է չիլիական Վալպարաիսո քաղաք, որը տուժել է անտառային հրդեհներից: Այցի ընթացքում նա այցելել է 50-ամյա Կոկե Պերեսի ժամանակավոր կացարան, որը գտնվում է քաղաքի ետնախորշերում: Տանտիրոջ խոսքով՝ տեսնելով խափանումներով աշխատող հեռուստացույցը՝ արքայազնը սկսել է նորոգել այն:

«Սկզբում նա հեռուստացույց էր դիտում, հետո սկսեց լարի հետ խաղալ: Արդյուքնում հեռուստացույցս սկսեց ավելի լավ աշխատել, եւ ես կարողացա հետեւել Չիլի-Բրազիլիա խաղին: Այժմ կարող եմ ասել, որ իմ հեռուստացույցը նորոգել է ինքը՝ արքայազն Հարրին»,- նշել է Պերեսը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Բրազիլիայի եւ Չիլի հավաքականների միջեւ խաղն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 11 մետրանոց հարվածների շարքով՝ 3:2: