Եթե անհրաժեշտություն լինի մենք բանակի գլխավորությամբ նորից կգնանք կռվելու եւ զոհվելու մեր հայրենիքի խաղաղության համար: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Եռաբլուրում Անհայտ կորած զինվորի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Խաղաղ պայմաններում մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր ուժերը ուղղված լինեն բոլոր սպառնալիքների չեզոքացմանը, ՀՀ անվտանգության ապահովմանը, որը հիմք կհանդիսանար երկարատեւ արարման համար: Եւ եթե անհրաժեշտություն լինի մենք բանակի գլխավորությամբ նորից կկանգնենք, եւ նորից կգնանք կռվելու ու զոհվելու մեր հայրենիքի խաղաղության համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ բանակն այսօր կանգնած է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների կողքին եւ կիսում է նրանց վիշտը. «Մենք ձեզանից մեկն ենք, ձեր որդիներն ենք եւ միշտ ձեր կողքին ենք: Մենք գիտենք՝ ձեզ համար շատ դժվար է, որովհետեւ ձեր որդիների ճակատագիրն անհայտության մեջ է»:
Նախարարը նշեց նաեւ,որ անհայտ կորածների եւ գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի նախագահը ինքն է, զբաղվում է անհայտ կորածների հարցերով եւ ամեն ինչ անում է նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախարարի խոսքով՝ այսօրվա հաղթանակի մեջ մեծ է նաեւ անհայտ կորած ազատամարտիկների ներդրումը. «Առանց ձեր հարազատների այսօր մենք չէինք կարող ունենալ հաջողություններ եւ ինչպես մի անգամ Գարեգին Նժդեհն է ասել «Հաղթանակները պտղաբերում են, եթե դաշտերը ոռոգվում են արյամբ»:
Անհայտ կորած ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ գրանցված են 200-ից ավելի անհայտ կորածների անուններ, որոնցից 94-ը գտնվում են գերության մեջ: Միջոցառումից հետո նախարարը անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հետ շրջեց Եռաբլուրում եւ ծաղիկներ դրեց Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի, Սմբատ Այվազյանի եւ այլ ազատամարտիկների շիրիմներին:





























