Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ կառավարության առաջնահերթ նպատակներից մեկն է, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում ասել է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Դիվանագետը հիշեցրել է, որ Վաշինգտոնը Թուրքիային հրահրել է բացել Հայաստանի հետ սահմանը, եւ հենց այդ նպատակին են ծառայել Ցյուրիխում  ստորագրված արձանագրությունները, «որոնք կապված չէին որեւէ այլ հարցի հետ»: Նրա գնահատմամբ` արձանագրություններ ստորագրելը համարձակ քայլ էր:

Պատասխանելով  հարցին, թե կարող է արդյոք ԱՄՆ-ն դրդել Թուրքիայի ղեկավարությանը ընդունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայաստան այցելելու հրավերը, դեսպանը նշել է, որ դա Թուրքիան պետք է որոշի: Ընդ որում, ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ վարչապետ Էրդողանի հայտարարությունը առաջընթաց քայլ էր: Սակայն դիվանագետը նշել է, որ հայերը մտածում են.  ավելին պետք է արվի: «Մենք կշարունակենք օգնել` ինչով կարող ենք», - վստահեցրել է Հեֆերնը: