Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ, գեներալ Վ. Գաբրիելյանի ուղեկցությամբ հունիսի 28-ին այցելել են «Սեւան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝ հուլիսի 1-ին նախատեսված բացման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար: Նրանք շրջայց են կատարել հանրային երեք լողափերով, ծանոթացել հանրային սպասարկման ծառայությունների մատուցման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Լողափերում անվտանգության ապահովման եւ փրկարարական աշխատանքների իրականացման պատրաստվածության շուրջ Արամայիս Գրիգորյանը քննարկում է անցկացրել տարածքային ոստիկանական, փրկարար եւ բժշկական ծառայություն իրականացնող մարմինների պատասխանատուների հետ: «Սեւան» ազգային պարկում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանգստյան ժամանակահատվածին լողափերի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ:

Հանրային լողափերի ստեղծման գործընթացը սկսվել է Հանրապետության նախագահի հանձնարարականով եւ ներկայում գործում է 11 լողափ /3-ը ծառայությունների մատուցմամբ/: Քաղաքային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի իրականացրած «Սեւան» ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում` հանրային լողափերի հիմնման միջոցով» ծրագրի աջակցությամբ: Այս տարի նույնպես հանրային լողափերում գործելու են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, նորաբաց էկոանկյունը: Առաջիկայում նախատեսվում է բացել նոր հանրային լողափեր: Հանրային լողափերում գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն: