Թուրքիայում ճանապարհային ոստիկանները ցանկացել են տուգանել խախտում իրականացրած ադրբեջանցի դիվանագետին, սակայն դիվանագետի եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ տեղի ունեցել։
Թուրքական Miliiyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում ադրբեջանցի մի բարձրաստիճան դիվանագետ իր վարած մեքենայով ճանապարհային երթեւեկության խախտում է իրականացրել, որը նկատած ոստիկանները կանգնեցրել են եւ փորձել արձանագրություն կազմել։ Այդ ընթացքում բորբոքված ադրբեջանցի դիվանագետը ոստիկաններին զգուշացրել է, թե անձեռնմխելություն ունի եւ ոստիկաններն իրավունք չունեն իրեն կանգնեցնելու եւ տուգանելու։
Ադրբեջանցի դիվանագետի կոպիտ պահվածքը դուր չի եկել թուրք ոստիկաններին եւ նրանց միջեւ վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի։
Դեպքի վայրից հեռացած ադրբեջանցի դիվանագետը բողոք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ։ Թուրք պաշտոնյաները ներողություն են խնդրել, որից հետո ադրբեջանցի դիվանագետը հրաժարվել է ոստիկանների նկատմամբ բողոք ներկայացնել դատարան։





























