Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին չի առաջադրելու իր թեկնածությունը։
Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում պատասխանել է շատերին հուզող հարցին՝ նշելով, որ առաջիկա նախագահական ընտրություններին չի առաջադրելու իր թեկնածությունը։
«Ես թեկնածությունս չեմ առաջադրելու։ Դրա մասին մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից առաջ էլ եմ ասել եւ դրա մասին խոսել եմ նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Իմ պաշտոնավարման ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին»,- նշել է նա։
Նշենք, որ այս տարի առաջին անգամ Թուրքիայում ժողովուրդն է ընտրելու նախագահ։ Նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը՝ պատգամավորների թվից։
Դեռեւս ոչ պաշտոնական տեղեկություններով իշխանությունների կողմից նախագահի թեկնածու է առաջադրվելու ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի 10-ին: Եթե առաջին փուլում ոչ ոք չհաղթի, երկրորդ փուլը կայանալու է օգոստոսի 24-ին:





























