Երեւանում հունիսի 7-ին՝ 00։30-ի սահմաններում, «Սայաթ-Նովա» ռեստորանային համալիրի մոտակայքում կրակոցներ են լսվել։

Պարեկապահակային բաժանմունքի ոստիկան սերժանտ Սերգեյ Մ-ն զեկուցագիր է ներկայացրել, որ «Սայաթ-Նովա» ռեստորանային համալիրի մոտակայքում նկատել է հասակակական կարգը խախտող եւ իրար հետ վիճաբանող մի քանի երիտասարդների։

Մոտենալով նրանց՝ ոստիկանը փորձել է կարգի հրավիրել վերջիններիս, սակայն երիտասարդները չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, վեճի մեջ են մտել նրա հետ, վիրավորել եւ մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցրել։ Նրանցից մեկը փորձել է դանակահարել ոստիկանին։ Ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով՝ ոստիկանը հանել է 9 մմ տրամաչափով «Մակարով» տիպի հաշվեցուցակային ատրճանակը եւ երկու անգամ օդ կրակել, ինչից հետո իրավախախտները փախուստի են դիմել։

Կատարվածի առնչությամբ նախաքննություն է իրականացվում։