Բրազիլական «Կրիմինալ» հեռուստահաղորդման հաղորդավարը սպանություններ է գործել… իր վարած հաղորդման վարկանիշը բարձրացնելու համար: 51-ամյա Ուոլես Սոուզան, ով աշխատում է բրազիլական Canal Livre հեռուստաընկերությունում, մեղադրվում է նվազագույնը 9 սպանություն գործելու, ինչպես նաև թմրամիջոցների վաճառքի, ականատեսներին սպառնալու և ապօրինի զենք կրելու համար: Այս մասին տեղեկացնում է «Newsru.com»-ը:
Նշենք, որ Սոուզայի հետ միասին ձերբակալվել են ևս 15 հանցագործներ, ներառյալ` նրա ավագ որդին` Ռաֆայելը ու մի քանի գործընկերներ, ովքեր օգնել են հաղորդումը պատրաստելու գործում: Նրա հանցագործությունների մասին պատմող հեռուստահաղորդումը բրազիլական Ամազոնա նահանգում մեծ հեղինակություն է վայելում: Հաղորդավարը հաճախ է հայտնվել դեպքի վայրում և ուղիղ եթերում պատմել իրադարձության մասին: Հիմա արդեն պարզ է, թե որն է հաղորդավար Սոուզայի օպերատիվության գաղտնիքը:
«Քննությունը ցույց է տալիս, որ նրանք հենց իրենք էլ հանցագործությունը կազմակերպել են, որը հետո ցույց են տվել հաղորդման ժամանակ», — ասել է ոստիկանապետ Թոմաս Ագուստո Կոռեան: Ինքը` Սոուզան հերքել է իրեն մեղսագրվող բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ հաղորդումը պատրաստվել է ամենայն պատասխանատվությամբ:



















