2013թ. նոյեմբերի 25-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածում` դպրոցի բակում անչափահասներ Վարդանի եւ Մուշեղի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ընթացել է բազմաթիվ օրինախախտումներով: Այս մասին այսօր`հունիսի 30-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Վարդան Ավետիսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:
Դատական նիստի սկզբում դատավորը հրապարակեց փորձագետի եզրակցությունը, որտեղ գրված էր, որ մեղադրյալ Վարդան Ավետիսյանը, հակառակ իր պաշտպանի պնդման` անձամբ է գրել իր նախաքննական ցուցմունքը:
Ամբաստանյալի պաշտպան Գեղամ Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ փորձաքննության արդյունքներն արժանահավատ չեն:
«Նման դեպքերում շատ մասնագետներ դժվարանում են անգամ միջանկյալ կարծիք հայտնել, իսկ այս անգամ փորձագետի եզրակացությունը ավելի քան կատեգորիկ է: Հետագայում մենք կարող ենք միջնորդել, որպեսզի լրացուցիչ փորձաքննություն անցկացվի: Պարզապես մենք այս պահին չենք ցանկանում դատական նիստը հետաձգել»,- ասաց Գեղամ Հակոբյանը:
Դատարանն այսօր հարցաքննեց 16-ամյա վկա Վահան Մարգարյանին, որն ասաց, որ ինքը չի տեսել, թե ով է հարվածել Մուշեղ Հակոբյանին:
«Դասերից հետո Նոր Նորքի 5-րդ զանգվածում դպրոցի մոտի դաշտում էի, երբ նկատեցի Մուշեղին եւ նրա հետ կանգնած մի քանի անծանոթ տղաների: Հետո տղաներից մեկը բռունցքով հարվածեց Մուշեղին, նա մի քանի քայլ հետ գնաց եւ ընկավ: Մենք մոտեցանք, ջուր տվեցինք, բարձրացրինք նրան, հետո «Շտապօգնություն» եկավ ու ես գնացի այդտեղից»,-վկայություն տալիս ասաց Վահան Մարգարյանը, որի այս եւ նախաքննական ցուցմունքներում դատարանը հակասություն նկատեց: Դատավորը հրապարակեց Վահան Մարգարյանի նախաքաննական ցուցմունքը, որտեղ վկան գրել էր, որ ինքը տեսել է, թե ով է հարվածել Մուշեղ Հակոբյանին եւ նկարագրել է հարվածը հասցնող երիտասարդին, իսկ երբ քննիչը ցույց է տվել մեղադրյալի լուսանկարը, ինքն ասել է, որ Վարդան Ավետիսյանն է բռունցքով հարվածողը:
Հակասությունը, վկա Վահան Մարգարյանի խոսքով, կապված է այն բանի հետ, որ այդ օրն ինքը խառնված է եղել, գրել է այն, ինչ իրեն քննիչն է ասել:
Նշենք, որ այսօր դատական նիստին պետքբ է ցուցմունք տային նաեւ վկաներ Արմեն Հարությունյանը եւ Նարեկ Հովսեփյանը, սակայն նրանք չէին ներկայացել դատարան:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով գործի դատական նյութերին, հայտնել էր, որ 2013թ. նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ի սահմաններում Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող թիվ 166 դպրոցի բակում տեղի ունեցած վիճանաբանության ընթացքում Վարդանը բռունցքներով հարվածել էր Մուշեղի գլխին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:





























