Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնությունը հուլիսի 1-ին բողոքի ակցիա կանցկացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, որտեղ նիստ է գումարվելու՝ էլեկտրաէներգիայի նոր սակագինը հաստատելու համար: Ակցիայի մասին այսօր՝ հունիսի 30-ին, նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ իրազեկման թռուցիկներ բաժանեցին Երեւանում՝ մարդկանց կոչ անելով միանալ իրենց ակցիային:

«Եթե վաղը հանձաժողովը նոր սակագինը հաստատեց, շարունակելու ենք պայքարը: Պետք է ժողովրդին ոտքի հանել: Ապօրինի որոշումներ են կայացնում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ոչ մի լուրջ հիմնավորում չեն ներկայացնում: Պետք է շարունակենք պայքարը քաղաքացիական անհնազանդությունների միջոցով: Մեր քանակով ու մասնակցությամբ կփորձենք այնպես անել, որ նիստը որոշում չկայացնի»,-NEWS.am-ին ասաց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ նախաձեռնության՝ հունիսի 23-ին կայացած ակցիայի ժամանակ ոստիկաններն անհամաչափ ուժ էին կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ, մոտ երեք տասնյակ անձանց բերման ենթարկել: Մի քանի ցուցարարներ մարմնական վնասվածքներ էին ստացել:

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով: