Թուրքիան հայտնվեց «մարդասիրական նավատորմի» հետ կապված տխրահռչակ միջադեպի կենտրոնում, որի առաքելությունն իրականացվում էր ՀԱՄԱՍ-ի ֆինանսական աջակցությամբ։ Նավատորմն, իբրեւ թե, պատրաստվում էր 10 հազար տոննա մարդասիրական բեռներ տեղափոխել Գազայի հատված, FrontPage Magazine կայքէջում հրապարակված իր հոդվածում գրում է Դով Ֆիշերը։ Իրականում Իսրայելը ամեն շաբաթ Գազա է տեղափոխում 15 հազար տոննա պարենամթերք եւ դեղորայք։
Հեղինակը նշում է, որ Թուրքիան գրեթե մեկ հարյուրամյակ հրաժարվում է ընդունել 1,5 մլն հայերի Ցեղասպանության փաստը։ Թուրքիան չի ճանաչի եւ ներողություն չի խնդրի Հայոց ցեղասպանության համար։ Իսրայելն այս շաբաթվա ընթացքում հրապարակայնորեն ափսոսանք հայտնեց «մարդասիրական նավատորմի» միջադեպի արդյունքում զոհվածների համար, սակայն Թուրքիան մինչ օրս ժխտում է Հայոց ցեղասպանությունը։
Ինչ վերաբերում է քրդերին, ապա նրանց իրավունքները Թուրքիայում նախկինի նման ոտնահարվում են։ Թուրքիայի քրդերին արգելված է անգամ իրենց երեխաներին քրդական անուններ տալ։ Թուրքիայում բնակվող քուրդ կանանց ավելի քան 40 տոկոսը անգրագետ են, իսկ քուրդ երեխաների գրեթե կեսը կրթություն չի ստանում։ Բացի այդ, կառավարությունը խոչընդոտում է հայկական եւ հունական դպրոցների գործունեությանը։



























