Հայաստանը հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը` որպես անվանգության արդյունավետ ապահովման ու ճգնաժամերի կանխարգելման կարեւոր միջոցի: Այս մասին, «ՄԱԿ-ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի մասնակիցներին ուղղված իր ողջույնի ուղերձում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ուղերձն ընթերցել է ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
Ստորեն ներկայացնում ենք ՀՀ նախագահի ուղերձը.
«Ի սրտե ողջունում եմ «ՄԱԿ-ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին:
Մասնակիցների այս ներկայացուցչական կազմը հաստատում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Նիկոլաեւիչ Բորդյուժայի` 2013 թ. հունիսին արված այն առաջարկության պահանջվածությունը, որ Երեւանում անցկացվեն ամենամյա միջազգային ֆորումներ ընդլայնված կազմով` ինչպես կազմակերպության անդամ պետությունների, այնպես էլ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եւ ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրների գիտափորձագիտական շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մաղթելով հաջող մեկնարկ եւ արգասաբեր աշխատանք` ուզում եմ հույս հայտնել, որ ֆորումը կդառնա այն ակադեմիական հարթակը, որտեղ տեղի կունենա խաղաղարարության` որպես խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման համակարգի կարեւոր տարրի վերաբերյալ կարծիքների եւ գաղափարների փոխանակում:
Միջազգային կազմակերպությունների խաղաղարարական օպերացիաները էական դեր են խաղում արդի աշխարհում: Դրանք խաղաղ միջոցներով` հակամարտող կողմերի միջեւ երկխոսության հարուցման ու հաստատման ճանապարհով, ներքին եւ միջազգային հակամարտությունների սրումը կանխող կարեւոր գործիք են: Հայաստանը լավ է հասկանում երկխոսության, դեպի փոխըմբռնում ձգտման, վեճերի լուծման նկատմամբ ռազմամոլական մոտեցումներից հրաժարման նշանակությունը:
Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր պետություն, Պայմանագրի մյուս մասնակիցների հետ մեկտեղ հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը` որպես անվանգության արդյունավետ ապահովման ու ճգնաժամերի կանխարգելման կարեւոր միջոցի: Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գերակայությունների կարեւոր բաղադրատարրն է միջազգային ու տարածաշրջանային անվանգության ամրապնդման նպատակով իրականացվող խաղաղարարական գործունեությունը:
Հույս ունեմ, որ ձեր գիտաժողովը կծառայի խաղաղարարական ոլորտում համագործակցության գիտակիրառական գործիքարանի հետագա հարստացմանը, կարեւոր ներդրում կկատարի անվտանգության ու կայունության ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի համախմբման, զինված հակամարտությունների կանխման եւ ծագող հակամարտային ու ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորման գործում:
Չեմ կասկածում նաեւ, որ ձեր արտահայտած գաղափարներն ու առաջարկությունները պահանջված կլինեն եւ կծառայեն կառուցողական երկխոսության զարգացմանը այն բոլոր պետությունների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ, որոնք ընդունում են ՀԱՊԿ-ի գործունեության սկզբունքները, այդ թվում` խաղաղարարության ոլորտում»:
Նշենք, որ ֆորումի կազմակերպիչներն են՝ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:




























