Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ հուլիսի 1-ին, հավաքվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, որտեղ այս պահին ընթանում է էլեկտրաէներգիայի նոր սակագնի վերաբերյալ քննարկումը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի տասնյակ ոստիկաններ եւ ոտիկանական մեքենաներ կան։ Նրանք կանգնելեն դեպը հանձնաժողով տանող աստիճաններին ու փակել ակտիվիստների ճանապարհը։
Տարածքում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը , որն ասաց, որ եթե հանձնաժողովը թույլ տա, ակտիվիստները կարող են խումբ կազմել ու շենք բարձրանան։
Նրա խոսքով՝ քանի որ նիստը փակ է, հանձնաժողովը ոստիկանությանը խնդրել է հասարակական կարգը պահպանել շենքի մոտ։
Ակցիային մանսակցում են տարբեր տարիքի քաղաքացիները, մոտ կեսը տարեց քաղաքացիներ են։ Հանձնաժողովի մոտ են Ալեն Սիմոնյանը, Արգիշտի Կիվիրյանը, Արմեն Մարտիրոսյանը, «ԴԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստները։
Նրանք այժմ վանկարկում են «Ճանապարհ, ճանապարհ»՝ ոստիկաններին հորդորելով թույլ տալ իրենց շենք մտնել, քնաի որ իրենք իրավունք ունեն մանսակցել հանձնաժողովի նիստին։
«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը հավաքվածներին կոչ արեց սադրանքների չտրվել՝ հիշեցնելով, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ է կրում։
Նրա խոսքով՝ իրենք նախապես դիմել են հանձնաժողովին այսօրվա նիստին մասնակցելու թույլտվության համար, սակայն իրենց մերժել են՝ ասելով, որ դահլիճում տեղ չկա։
Վալերի Օսիպյանն ասաց, որ ինքը կարող է խնդրել, որ հանձնաժողովի ներկայացուցիչն իջնի, զրուցի քաղաքացիների հետ, եւ եթե թույլ կտա, ակտիվիստներից մի քանիսը կարող են բարձրանալ, մասնակցել նիստին։
«Հանձնաժողովը մեզ ասեց՝ տեղ չկա, դուք ասում եք՝ կարող եք մասնակցել, հիմա դուք եք ստախոս, թե իրենք, պարոն Օսիպյան»,- բարկացավ Վարդան Հարությունյանը։
Ակտիվիստները պահանջում են, որ «ապօրինի» նիստն այսօր չկայանա, տեղափոխվի մեկ այլ օր եւ մեկ այլ դահլիճ, որտեղ իրենք բոլորը կարող են ներկա լինել։
Հիշեցնենք, որ նախաձեռնության՝ հունիսի 23-ին կայացած ակցիայի ժամանակ ոստիկանները ուժ էին կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ, մոտ երեք տասնյակ անձանց բերման ենթարկել: Մի քանի ցուցարարներ մարմնական վնասվածքներ էին ստացել:
Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























