Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ լարվածությունը մեծանում է։ Ոստիկանները պատ կազմած թույլ չեն տալիս, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող հարյուրավոր քաղաքացիները մոտենան հանձնաժողովի շենքին ու մասնակցեն այս պահին ընթացող հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում է էլէկտրաէներգիայհի թանկացման հարցը (ֆոտոռեպորտաժ)։

Քիչ առաջ շենքից դուրս եկավ աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը, որը քաղաքացիներին տեղեկացրեց, որ նիստն արդեն սկսվել է եւ դահլիճում տեղ չկա։

«Նիստին ներկա են տարբեր ՀԿ-երի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, 40 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Դահլիճը ծանրաբեռնված է, եւ տեղ չկա։ Նիստն ուղիղ եթերով հեռարձակվում է, կարող եք հետեւել»,- ասաց հանձնաժողովի ներկայացուցիչը։

Նրա հեռանալուց հետո ակտիվիստները սկսեցին վանկարկել «ամոթ, կասեցում»՝ հորդորելով ոստիկաններին չխախտել իրենց տեղաշարժի իրավունքն ու բացել ճանապարհը։

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, փորձելով հանդարտեցնել, կրքերը կոչ արեց մի քանի հոգուց կազմված խումբ կազմել, որն իր միջնորդությամբ կբարձրևանա ու ներկա կլինի նիստին։ Քաղաքացիները, սակայն հրաժարվեցին՝ պահանջելով, որ նիստն անցկացվի կամ բացօթյա վայրում կամ ավելի մեծ դահլիճում։ Ավելի ուշ պարզվեց, որ նույնիսկ հինգ հոգուց բաղկացած խմբի համար դահլիճում տեղ չկա։ Ակտիվիստները սպառնացին, որ 20 հոգով կճեղքեն ոստիկանական պատն ու կմտնեն ներս։

Օսիպյանը դիմեց բակում քաղաքացիներին միացած, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Զուրաբյանին՝ կոչ անելով որպես պատգամավոր բանակցել ժողովրդի հետ եւ այնպես անել, որ բախումներ չլինեն։

Այս պահին շարունակվում են Օսիպյանի եւ Զուրաբյանի բանակցությունները։ Վերջինը պնդում է, որ քաղաքացիները ոչ մի օրենք չեն խախտում եւ ընդամենը իրացնում են իրենց սահմանադրական իրավունքները։ 

Օսիպյանն էլ պնդում է, որ իրենց էլ դուր չեն գալիս թանկացումները, սակայն ոստիկանությունը «ապաքաղաքականացված կառույց է», որը հասարակական կարգն է պահպանում։

Նշենք, որ հանձնաժողովի առջեւ են Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փստանջյանը՝ դստեր հետ, Լեւոն Զուրաբյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Մարտիրոսյանը։

Քաղաքացիների թիվը գնալով մեծանում է։ Այսօր նրանք իրենց հետ բերել են պաստառներ «Ընդվզում» շարժում գրությամբ։

Հիշեցնենք, որ նախաձեռնության՝ հունիսի 23-ին կայացած ակցիայի ժամանակ ոստիկաններն ուժ էին կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ, մոտ երեք տասնյակ անձանց բերման ենթարկել: Մի քանի ցուցարարներ մարմնական վնասվածքներ էին ստացել:

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am