Ուկրաինական զինվորականները հրադադարի ավարտից հետո հուլիսի 1-ին երկրի արեւելքում հակաահաբեկչական ակտիվ գործողության են անցել: Այս մասին խորհրդարանի առավոտյան նիստի ժամանակ հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը: Նրա խոսքով, զինված ուժերը «հարվածներ են հասցնում ահաբեկիչների բազաների եւ հետակետերի ուղղությամբ»:

Հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) մամուլի քարտուղար Ալեքսեյ Դմիտրաշկովսկին հայտարարել է, որ ռուսամետ ակտիվիստները սկսել են անցել ուկրաինական զինուժի կողմը եւ տեղեկություններ են հաղորդում զինված խմբավորումների գտնվելու վայրի մասին:

TCH.ua-ի փոխանցմամբ, միաժամանակ «Տեղեկատվական դիմակայություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը Facebook-ի իր էջում գրել է, որ ՀԱԳ ուժերը «օդային եւ հրետանային հարվածներ են հասցնում ահաբեկիչների հենակետերի եւ հավաքատեղիների ուղղությամբ»: Տիմչուկի խոսքով, հրադադարից հետո ռուսամետների ակտիվությունը նվազել է:

Ինչպես արդեն հաղորդվել էր, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի արեւելքում զինված գործողության վերսկսման մասին հայտարարել էր հունիսի 30-ի երեկոյան: Հրադադարի ռեժիմը շարունակվում էր հունիսի 20-ից: Ընդ որում, կողմերը բազմիցս հայտարարում էին հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին: