Ռուսական «Գիշերային գայլեր» մոտոակումբի ակտիվիստները «Պորշեն» ձեռնարկության հետ համատեղ աշխատում են «Վոլկ» մոտոցիկլի ստեղծման ուղղությամբ, որը կարող է մրցակցել Harley-Davidson-ի հետ: Մոտոցիկլի պաշտոնական շնորհանդեսը պետք է կայանա Սիմֆերոպոլում օգոստոսի սկզբին նախանշված բայք-շոուի ժամանակ, իսկ զանգվածային արտադրությանը ծրագրվում է ընթացք տալ 2016 թվականին: Այս մասին գրում է «Известия».-ն:
«Ռուսական մոտոցիկլ» ծրագրի ղեկավար Անդրեյ Գրեբեննիկովը, ով նաեւ «Գիշերային գայլեր» ակումբի անդամ է, պատմել է, որ ծրագրվում է սկզբնական շրջանում տարեկան արտադրել 500-1.000 մոտոցիկլ, իսկ ավելի ուշ հնարավոր է նաեւ արտահանել այն: Այսպես, «Գիշերային գայլերը» մտադիր են դուրս գալ Բելառուսի, Ուկրաինայի, Սերբիայի, Բուլղարիայի եւ Եգիպտոսի շուկաներ:
«Պորշեն» գործարանի տնօրեն եւ գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Խարչենկոն «Վոլկ»-ը գնահատում է շուրջ 200.000 ռուբլի:
«Գիշերային գայլերը» մոտոցիկլ արտադրելու փորձ արդեն կատարել են: Օրինակ՝ Իրբիտի մոտոցիկլային գործարանում հավաքվում էր «Ուրալ Վոլկ»-ը: Սակայն այն առանձնապես մեծ տարածում այդպես էլ չունեցավ:




























