Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ դատախազներ,
Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության դատախազությունը երկար ճանապարհ է անցել եւ այսօր էլ ընթանում է արդիականացման ճանապարհով: Գոհունակությամբ պետք է նկատել, որ դուք ինքներդ եք բացահայտում համակարգում առկա թերություններն ու բացթողումները եւ հրապարակայնորեն խոսում դրանց վերացման անհրաժեշտության մասին:
Դատախազությունը համալրվում է նոր մտածողությամբ օժտված, բանիմաց ու գիտակ երիտասարդ իրավաբաններով, որոնք, ավագ սերնդից փոխառելով փորձ ու հմտություն, ի զորու են կենսագործելու Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները եւ հաջողությամբ դիմագրավելու արդի մարտահրավերներին:
Անհրաժեշտ է այսուհետ եւս շարունակել եւ ավելի բարելավել հանցավորությանը դիմակայելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Համոզված եմ, որ սկզբունքայնությամբ ու մասնագիտական պատվախնդրությամբ, կուտակված փորձով եւ աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կկարողանաք արդյունավետ լուծել համակարգի առջեւ դրված բարդ ու դժվարին խնդիրները:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական դժվարին ծառայության մեջ, առողջություն եւ երջանկություն ձեզ եւ ձեր ընտանիքներին»:





























