Հայաստանում Էլեկտրաէներգիայի թանկացումը էլեկտրակայանների ֆինանսական բարդություններով է պայմանավորված, հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում հայտարարել է Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 1-ից սակագինը 3,85 դրամով թանկացնելու որոշումը:
Նա ներկայացրել է ՀԾԿՀ-ի նախորդ հիմնավորումը. Հայաստանի էներգահամակարգում մոտ 20 մոտ 20 մլրդ դրամի ֆինանսական դեֆիցիտ է գոյացել, որից 6,8 միլիարդը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերում»՝ ներառյալ ցանցում 5,5 մլրդ դրամի ներդրումները, որոնք պետք է փոխհատուցվեն: Մնացածը կորուստներն են, որոնք ձեւավորվել են 2013թ. ավելի թանկ էներգիա գնելու հետեւանքով, քանի որ ԱԷԿ-ը նախատեսվածից ավելի երկար է նորոգվել, ինչպես նաեւ Հրազդան եւ Որոտան գետերում ջրի մակարդակի նվազման եւ այդ գետերում Որոտանի կասկադի առավել էժան էներգիայի արտադրման ցածր մակարդակի պատճառով:
Այս կորուստը կբաշխվի առաջիկա երեք տարիների վրա:
7 մլրդ դրամի պահանջարկ է ծագել Երեւանի ՋԷԿ-ում՝ նոր էներգաբլոկի կառուցման արտոնյալ ժամկետի ավարտի հետ կապված:
Եվս 2 մլրդ է հարկավոր «Բարձրավոլտ էլեկտրացանցերին»՝ KfW-ի եւ ՀԲ-ի վարկերը մարելու համար:
Նույնքան հարկավոր է ԱԷԿ-ին՝ տեխնիկական կարիքների համար նախատեսված ջրհորներ փորելու համար:
Շուրջ 700 մլն կպահանջվի Միջազգային էներգետիկ կորպորացիային (Սեւան-Հրազդան կասկադ)՝ ՎԶԵԲ-ի եւ ԱԶԲ-ի վարկերը մարելու համար: Եվս 1,1 միլիարդ է հարկավոր փոքր ՀԷԿ-երին:





























