Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր սահմանեց արտադրող կայաններից էլեկտրական էներգիայի առաքման սակագները: Ըստ այդմ, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազՋԷԿ/» բաց բաժնետիրական ընկերության (Հրազդանի ՋԷԿ-ի I-IV էներգաբլոկներ) համար գործող սակագինն իջեցվել է:
NEWS.am-ի հարցին, թե արդյոք դրամի փոխարժեքի բարձրացման եւ պահեստամասերի ու քիմիկատների գների աճի պայմաններում սակագնի իջեցումը ֆինանսական խնդիրներ չի՞ հարուցի, ընկերության գլխավոր ճարտարագետ Արտաշես Մնացականյանը պատասխանեց. «Հիմնական տեխնոլոգիական սարքավորումների նպատակային նորոգման եւ ծախսերի արդյունավետության բարձրացման շնորհիվ մեզ առայժմ հաջողվում է արտադրանքի ինքնարժեքը պահպանել 2013թ. մակարդակի վրա: Այնպես որ առաջիկա մեկ-երկու տարում խնդիրներ չենք ունենա»:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի տվյալներով 2014թ. առաջին եռամսյակում «ՀրազՋԷԿ» բաց բաժնետիրական ընկերությունն արտադրել է երկրում սպառված էլեկտրական էներգիայի գրեթե 20 տոկոսը:





























