Քաղաքաշինության նախարարությունն առաջիկայում կհայտարարի ճարտարապետական բաց մրցույթ՝ «Հայկական տուն» թեմայով, ակնկալելով, որ մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին եւ տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ տների բազմաթիվ հետաքրքիր նախագծեր կներկայացվեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, քաղաքաշինության նախարարությունում աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է նախարար Նարեկ Սարգսյանը:

Այս կերպ քաղաքաշինության նախարարությունը նախագծերի տասնյակ տարբերակներ կունենա, այդ թվում նաեւ՝ աշխատանքային ամբողջական նախագծեր, որոնք անվճար հիմունքներով կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին:

«Հայկական տուն» ծրագրի մրցանակային ֆոնդի եւ աշխատանքային նախագծերի մշակման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Հիշեցնենք, որ այս ընկերության հովանավորությամբ է կյանքի կոչվել Մատենադարանի նոր մասնաշենքը, այսօր իրականացման փուլում է Երեւանի գեղասահքի դպրոցը:

«Հայկական տուն» ճարտարապետական բաց մրցույթին ներկայացվող նախագծերը պետք է համապատասխանեն եւ´ գյուղական, եւ´ քաղաքային բնակչության լայն խավերի պահանջներին: Մրցույթի գլխավոր նպատակը ՀՀ քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ճարտարապետական դիմագծի բարելավումն է:

Միեւնույն ժամանակ, ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռնի ՀՀ բազմաթիվ քաղաքացիների` իրենց կարիքների համար լայն ընտրության հնարավորություն ունենալ եւ տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ: