Երեւանի ոռոգման համակարգը կընդլայնվի եւս 23 կմ-ով: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն եւ շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջեւ խնդիրը հստակ է դրված: Որպեսզի աշխատանքն արդյունավետ ու արդյունքն էլ տեսանելի լինի, կանաչապատման ծրագրերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում: Վերջին երկու տարիների ընթացքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքում անցկացվել է շուրջ 40 կմ ոռոգման նոր ցանց: 2014թ-ի ծրագրով այս ցուցանիշին կգումարվի եւս 23 կմ:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների եւ պուրակների ստեղծման աշխատանքներում եւս առանձնակի ուշադրություն է դարձվում ոռոգման ցանցերի անցկացմանն ու կանաչ տարածքների ընդլայնմանը:




























