Հայաստանի գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 96-րդ տարեդարձին: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնելով բոլոր դատախազներին եւ դատախազական անձնակազմին ամբողջ ներուժով աշխատելու համար, վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի առիթ եւ հիմք կլինի արձանագրելու եւ ավելի ընդգծելու այն աշխատանքը, որը կատարվել եւ կատարվում է:
«Մենք բոլորս կոչված ենք ապահովելու օրինականությունն ու արդարությունը, եւ դա մեր գործունեության հիմնական անշեղ սկզբունքն է: Ես համոզված եմ, որ այդ սկզբունքի հետեւողական իրականացումը ուղղակիորեն կհանգեցնի աշխատանքի արդյունավետությանը եւ երկրում օրինականության եւ արդարության երաշխավորմանն ու առավել ամրապնդմանը»,- իր խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ Նախագահի ուղերձը ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը:





























