Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին  այցելել է Ասկերանի շրջանի Խաչեն գյուղ եւ մասնակցել Արցախում «Հալո Տրաստ» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էր նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխոսնակ Քերոլայն Քոքսը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել կազմակերպությանը` նրա ծավալած աշխատանքի համար` այն համարելով կարեւոր մարդասիրական առաքելություն:

Այնուհետեւ նախագահ Սահակյանը Խաչեն գյուղի միջնակարգ դպրոցում հանդիպում է ունեցել ուսուցչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին Արցախի Հարապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ պաշտոնատար այլ անձինք: