Շվեդիայում պաշտոնապես Հայ դատի հանձնախումբ է ստեղծվել, որը կոչվում է Արդարության եւ ժողովրդավարության հայ-շվեդական հանձնախումբ: «Asbarez»-ի տեղեկացմամբ, Ստոքհոլմի Հայկական կենտրոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում էլ հայտարարվել է կառույցի ձեւավորման մասին, մասնակցել են Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը, Հայկական ասոցիացիաների համակարգման կենտրոնի ղեկավար Կառլեն Մանսուրյանը, Հայ հեղափոխական դաշնության նախագահ Արմենակ Մահտեսյանը եւ Շվեդիայի հայ համայնքի այլ առաջնորդներ:

Բացման խոսքում Արմենակ Մահտեսյանը նշել է, որ հանձնախմբի ստեղծումը պատմական իրադարձություն է Շվեդիայի հայ համայնքի համար: Իսկ դեսպան Ապիտոնյանը շնորհավորել է նոր հանձնախմբի անդամներին եւ սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Շվեդիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արշակ Քավաֆյանը վստահեցրել է, որ Հանձնախումբը հավուր պատշաճի կիրականացնի իր առաքելությունը եւ առաջիկայում կկազմվի կառույցի գործողությունների ամբողջական ծրագիրը:

Միջոցառման ընթացքում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանն ընդգծել է Շվեդիայում հանձնախմբի ստեղծման կարեւորությունը՝ նշելով, որ վերջին ութ ամիսների ընթացքում արդեն չորրորդ նման հանձնախումբն է ստեղծվում՝ Ռումինիայից, Լեհաստանից եւ Ավստրիայից հետո: Նա հավելել է, որ մինչեւ տարեվերջ եւս երկու Հայ դատի հանձնախումբ է ստեղծվելու: