ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Բրենթ Հարթլին հույս է հայտել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը եւ կհամաձայնեն հանդիպել Փարիզում: Այս մասին Պետդեպի ներկայացուցիչը հայտարարել է Վիեննայում ԵԱՀԿ անվտանգության հարցերով ամենամյա կոնֆերանսում:
«Թեեւ ԼՂ-ում ԵԱՀԿ-ի դերը արտահայտվում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքով, որպես կազմակերպություն մենք պետք է շարունակենք Հայաստանին ու Ադրբեջանին դրդել ստանձնել բանակցությունների պարտավորություն, որոնք կհանգեցնեին խաղաղ համաձայնության՝ հիմնվելով մինչ այս կատարած աշխատանքի վրա»,- հայտարարել է Հարթլին:
Ըստ նրա՝ Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի կառուցվածքային բանակցություններ վարելու կոչը նույնպես կողմերին հնարավորություն է տալիս զարգացնել խաղաղ գործընթացը: Նա նաեւ նշել է, որ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ կապերի հաստատման ջանքերը նույնպես կարող են նպաստել ամուր կարգավորմանը՝ երկու կողմերի քաղաքացիներին օգնելով պատրաստվել խաղաղության: «Որպես ԵԱՀԿ համանախագահ երկիր ԱՄՆ-ն հավատարիմ է այդ գործընթացին՝ ամենաբարձր մակարդակով»,- հավելել է Պետդեպի ներկայացուցիչը:





























