NEWS.am-ը ներկայացնում է Երեւանում տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հոդվածը, որը զգալի կրճատումներով տպագրվել է «Al Jazeera»-ի կայքում։

Իրականացնելով երկար սպասված քայլը՝ հունիսի 27-ին Վրաստանը Եվրամիության հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը՝ Արեւմուտքի հետ ամրացնելով քաղաքական եւ տնտեսական կապերը։ Բրյուսելում կայացած ստորագրման արարողության ընթացքում Վրաստանը միացավ Մոլդովային եւ Ուկրաինային, որոնք ավարտին հասցրեցին ԵՄ-ի հետ հավասարեցման գործընթացը՝ չնայած Ռուսաստանի կողմից լարվածության աճին ու կոշտ հռետորաբանությանը։ Այն ժամանակ, երբ Համաձայնագրի ստորագրումը խորհրդանշական էր, յուրաքանչյուր երկրի եվրոպական հետագիծը դյուրին կամ երաշխավորված չէր։

Հիմա, երբ Վրաստանը ստորագրել է ասոցացման համաձայնագիրը, տարածաշրջանային լանդշաֆտը սկսել է փոխվել։ Հարավային Կովկասի համար տարածաշրջանային հետեւանքները խորն են, եթե ոչ կործանարար եւ տարբեր պատճառներով թշնամանք առաջացնող։ Առաջին հերթին, աշխարհաքաղաքական համատեքստում Վրաստանն այժմ կրկին դարձավ տարածաշրջանային ծանրության կենտրոն՝ իր հարեւաններին գերազանցելով ոչ միայն քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների հարցում, այլեւ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից՝ ինչպես ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու եւ անվտանգության նոր պայմաններում Ուկրաինայից հետո գտնվելով առաջատար դիրքերում: Սա Վրաստանի համար թեսթից էլ ավելի էր։ Եվ, որ ավելի կարեւոր է, սա Եվրոպայի համար վճռականության եւ հավատարմության փորձ է լինելու։ Իսկ Արեւմուտքը, ինչպես համարվում է, 2008 թվականի օգոստոսին չանցավ նման փորձությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ավելի լայն հարաբերություններում Վրաստանը վերադարձավ որպես առաջնահերթ տարր:

Մեկ այլ առանձնահատուկ հետեւանք են հանդիսանում աշխարհագրականն ու աշխարհաքաղաքականը: Մասնավորապես, տարածաշրջանում, որն արդեն երկար ժամանակ իր աշխարհագրության գերին է, Վրաստանը հիմա, երեւում է, լքում է Հարավային Կովկասը՝ ավելի մոտ դառնալով Եվրոպային, քան հարեւան պետությունները: Ադրբեջանի համար այդ օգտակար միջոց է՝ իր էներգետիկ ռեսուրսներն արտահանելու համար Վրաստանին որպես շահեկան տարանցիկ պետություն օգտագործելու առումով:

Սակայն փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար, որը, թվում է, իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ճնշման ներքո զոհաբերեց Եվրամիության հետ Ասոցացման սեփական համաձայնագիրը, ավելի քիչ ընտրություն ունի, եւ նրա ապագան առավել եւս անորոշ է: Հայաստանը, որին երկար ժամանակ բացառում էին տարածաշրջանային զարգացման բոլոր ծրագրերից՝ էներգետիկայից մինչեւ տրանսպորտ, կարող է բոլորից շատ տուժել:

Եվ տարածաշրջանի համար նշանակալի երրորդ հետեւանքն ամենալուրջն է Հայաստանի համար: Այն, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի վրա հույս է դրել՝ տարածաշրջանային կայունությունը լայնորեն քայքայելու առումով, կարող է իրական խնդիր դառնալ, սակայն առավել ծանր մարտահրավերը կապված է տարածաշրջանի նոր բաժանումների ի հայտ գալու հետ: