Քննիչները Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին կոռուպցիայի եւ իշխանությունը չարաշահելու պաշտոնական մեղադրանք են ներկայացրել, փոխանցում է Agence France-Presse-ը:

Համապատասխան որոշումը կայացվել է հարցաքննության արդյունքներով:

Քննիչները Սարկոզիին մեղադրել են կաշառք տալու, անձնական նպատակների համար ծառայողական դիրքը չարաշահելու եւ կոմերցիոն գաղտնիքը խախտելու փաստը թաքցնելու մեջ: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սարկոզիի հարցաքննությունը տեւել է 15 ժամ, նա ցուցմունքներ է տվել կոռուպցիայի գործով քննության շրջանակներում:

Սարկոզին Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ ոստիկանական հարցաքննության ենթարկված առաջին նախկին նախագահն է: Նրա նախորդը` Ժակ Շիրակը, չնայած որ 2011 թ. ֆինանսական խաբեությունների համար պայմանական ժամկետ էր ստացել, սակայն երբեք չի ձերբակալվել։

Սարկոզիի հետ  գործով անցնում են նրա փաստաբան Տիերի Էրզոգը, ինչպես նաեւ դատավոր Ժիլբեր Ազիբերը, որը իմացել է քննության ընթացքի մասին եւ իբր անթույլատրելի կապեր ունեցել նախագահի ու նրա շրջապատի հետ: