Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ հույսերը, որոնք միջազգային հանրությունը կապում էր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, առայժմ չեն արդարանում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի եւ այլ երկրների մասնակցությամբ ուկրաինական կողմի հետ հանդիպումները որոշակի արդյունքների չեն բերում: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, Եվրոպայում երկրորդ ճակատի բացման 70-ամյակի առիթով կայացած հանդիսությունների ժամանակ Ֆրանսիայում հանդիպել է Պորոշենկոյի հետ:
«Թվում էր՝ ուկրաինական ներքին ճգնաժամային սուր խնդիրների լուծման շուրջ ընդունելի խաղաղ որոշման որոշակի հույսեր են հասունացել, բայց, ցավոք, առաջին հանդիպումները ցույց տվեցին, որ ուկրաինական կոնֆլիկտի կողմերը չեն կարող համաձայնության գալ, Կիեւն ի վիճակի չէ հասկանալ այն խնդիրները, այն ողբերգությունը, որ այսօր ապրում է հարավ-արեւելքը»,- հայտարարել է Կարասինը:
Նա նաեւ անդրադարձել է Ղրիմի միավորման հարցին՝ ընդգծելով, որ ստեղծված պայմաններում Ռուսաստանը չէր կարող այլ կերպ վարվել:




























