Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը քաղաքական էր: Այս մասին հուլիսի 2-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա կարծիքով, ե՛ւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ե՛ւ Ոստիկանության աշխատակիցները պարզապես շատ վատ իրավիճակում հայտնվեցին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու՝ իշխանությունների որոշման պատճառով. «Մեկ բան ակնհայտ է. իշխանությունները կարող էին սակագնի բարձրացման չգնալ, այդ էլեկտրաէներգիայի ոլորտում մութ գործարքների հետեւանք է»:

Ըստ Հակոբյանի, մասնագետների գնահատմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կարող էր կազմել 3-4%: Սակայն իշխանություններն ընտրեցին հետեւյալ քաղաքականությունը. երկրին կանգնեցնել փաստի առջեւ՝ հայտարարելով, որ պետությունը պարտքեր ունի:

«Սակայն հասկանալի չէ, պետությո՞ւնը պարտքեր ունի, թե՞ դրանք մեկ կամ երկու անձանց կուտակած պարտքերն են, իսկ պետք է վճարի ժողովուրդը»,- ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան թանկանալու է 3.85 դրամով՝ 1 կՎտ/ժ-ի համար (10-15%): Ցերեկային սակագինն այսպիոսվ կազմելու է 41.85 դրամ: