«Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանն ու  Սողոմոն Քոչարյանը Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի հունիսի 7-ի վճռով դատապարտվել են եւս 7,5 տարվա ազատազրկման: Արդյունքում վերջնական պատիժ է թողնվել ցմահ ազատազրկումը:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը բանտից փախուստի էին դիմել երկրորդ անգամ: Առաջին անգամ  նրանք փախել էին Գորիս ՔԿՀ-ից 2004-ին, որի համար դատապարտվել եին եւս 7 տարվա ազատազրկման:

Երկրորդ անդամ նրանք կարողացան փախչել 2009-ի նոյեմբերին 28-ին եւ մնալ ազատության մեջ 21 օր: Նրանց առաջադրվել էր մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` փախուստ կալանավայրից, որի համար նախատեսված է ազատազրկում 3 ամսից մինչեւ 8 տարի ժամկետով: Պետական մեղադրողը դատարանից պահանջել էր նրանց նկատմամբ կիրառել առավելագույն պատիժ` 8 տարվա ազատզրկում, իսկ փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը խնդրել էր ամենամեղմ պատժաչափ, այն է` 3 ամիս` հաշվի առնելով այն, որ երկու անգամ էլ ազատության մեջ լինելով ցմահ դատապարտյալները չեն վնասել ոչ մի մարդու:

Փաստաբանը 7,7 տարի ազատազրկումը խիստ է համարել եւ հնարավոր է այն բողոքարկեն Վերաքննիչ դատարանում: Բանն այն է, որ փախուստի գործերով 7 եւ 7,5 տարի ազատազրկման դատավճիռը կարող է խոչընդոտել նրանց վաղաժամկետ ազատ արձակմանը, որի հնարավորությունը նախատեսված է 20 տարի ազատազրկումից հետո: