Խորհրդարանական քառյակը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված պատրաստ է առաջարկներ ներկայացնել եւ սպասել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատասխանին: Այս մասին ԱԺ-ում կայացած ասուլիսում հուլիսի 2-ին հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա՝ պետությունը կարող է մեղմել դրությունը. «Մենք նույնպես պատրաստ ենք քննարկել հնարավոր բոլոր լուծումները՝ թանկացումից խուսափելու համար:
Ֆինանսական ճեղքերը, ըստ օրենքի, պետք է փակի պետությունը՝ երեք տարում՝ 30%-ի չափով: Հարկավոր է վերանայել էներգետիկայի ոլորտում արժեզրկումը եւ շահույթը: Դա պետք է պետության հսկողության տակ լինի»:
Մելքումյանն ընդգծել է ֆինանսական առողջացման ծրագրի մշակման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ «պետությունը կարող է այդ եւ մի շարք այլ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու համար»:
Հիշեցնենք, 2014թ. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 3,85 դրամով (10-15%)՝ ցերեկային ժամերին 1 կՎտ/ժ-ի դիմաց կազմելով 41,85 դրամ՝ ներկայիս 38-ի փոխարեն:





























