Այդ նախաձեռնությունը չնչին է, քանի որ էլեկտրաէներգիայի թանկացումը կանդրադառնա Հայաստանի ողջ բնակչության վրա: Այս մասին ԱԺ-ում կայացած ասուլիսում հուլիսի 2-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի առաջարկը Հովիկ Աբրահամյանին՝ սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը մեղմելու ուղիներ գտնելու վերաբերյալ:

 «էլեկտրաէներգիայի թանկացումը կազդի երկրի բոլոր քաղաքացիների վրա: Միաժամանակ, նախագահը խոսում էր 100 000-ի մասին, եւ եթե անգամ նրա առաջարկն իրագործվի, դա կլինի մեկ կաթիլ ծովում, քանի որ ամենուր կդիտվի գնաճ», - նշելէ  Մանուկյանը:

«Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշել է. «Այնպիսի տպավորություն է, թե Սարգսյանը միայն երեկ է իմացել էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Նրա առաջարկը մարտավարական քայլ է, ոչ ավելին»:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով էլ, եթե նախագահի առաջարկն ընդունվի, ամեն անապահով ընտանիքի կտրվի  1000 դրամ, իսկ դա ելք չէ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշել  է, որ Հայաստանում գործնականում անապահով են համարվում մարդիկ, ովքեր ի վիճակի չեն իրենց ամեն անհրաժեշտով ապահովելու եւ ում եկամուտը փոքր է սպառողական զամբյուղից: «Երկրում քաղաքացիների 70 – 80%-ը աղքատության շեմին են: Իսկ նման առաջարկները ապացուցում են, որ իշխանությունները պահի ազդեցության տակ են գործում:

Հիշեցնենք Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկել էր սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը մեղմելու ուղիներ գտնել: Վարչապետը ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին կարգադրել էր օրինագիծ մշակել մոտ 105 հազար անապահով բնակիչների ընտանեկան նպաստը բարձրացնելու վերաբերյալ: