ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հուլիսի 1-ին միջնորդությամբ դիմել է պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լեւոն Ավետիսյանին, որպեսզի վերջինը կայացնի արդարացման դատավճիռ կամ առնվազն նշանակի դատախազի պահանջածից մեղմ պատիժ:
«Մենք ուշի-ուշով հետեւում ենք Վոլոդյա Ավետիսյանի դատավարությանը: Մեր գնահատմամբ՝ մեղադրանքները հիմնավորված չեն: Ես ակնկալում եմ, որ կլինեք անաչառ, հիմնվելով միայն հիմնավորված ապացույցների վրա, հաշվի առնելով նրա մատուցած ծառայությունները հայրենիքի նկատմամբ, նրա ընտանիքի սոցիալական վիճակը, այն հանգամանքը, որ նա առաջին անգամ է ենթարկվում քրեական պատասխանատվության: Հաշվի առնելով վերոգրյալը՝ միջնորդում եմ կայացնել արդար դատավճիռ, ինչը, իմ կարծիքով, արդարացման դատավճիռ է կամ դատախազի պահանջածից շատ ավելի մեղմ պատիժ»,-գրված է միջնորդության մեջ:
Միջնորդության մեջ Էլինար Վարդանյանը անդրադարձել է նաեւ Վոլոդյա Ավետիսյանի անցած մարտական ուղուն եւ նրա ընտանիքի ծանր սոցիալական վիճակին:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին կայացած դատական նիստին մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդեց դատարանին Վոլոդյա Ավետիսյանի կատարած հանցագործությունների համար նրան 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























