«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը եւ նույն կուսակցության ղեկավարությունը լիովին աջակցում է խորհրդարանական քառյակի ձեւաչափով իր պատգամավորների համագործակցությունը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վերադարձը կազդարարի խորհրդարանական քառյակում եւ «Ժառանգություն» կուսակցությունում տարաձայնություններ սկիզբը։

Հակոբյանի խոսքով՝ յուրաքանչյուրը կողքից կարող է իր կարծիքն արտահայտել խորհրդարանական քառյակի ապագայի շուրջ։ «Սակայն «Ժառանգությունը» շարունակելու է իր գործունեությունը պատգամավորական քառյակ ձեւաչափով, քանի որ վերջինիս հիմնադիրներից է, պարզապես ոմանք ցանկանում են, որպեսզի իրավիճակը փոխվի», - նշեց Հակոբյանը։

Ի պատասխան հարցին՝ այդուհանդերձ, կարո՞ղ է արդյոք «Ժառանգություն» խմբակցության այս կամ այն անդամի այդ թվում՝ նաեւ Զարուհի Փոտանջյանի հայտարարությունը, կարող է սեպ խրել խորհրդարանական քառյակի ներսում, Հակոբյանն ասաց. «Ոչ, այդպիսի բան չի լինի»։ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարման հավաքական տեսակետը հետեւյալն է. «Ժառանգությունը, ինչպես եւ նախկինում, կիրականացնի իր գործունեությունը խորհրդարանական քառյակի ձեւաչափով»։