Հայաստանը Վրաստանից կանոնավոր կերպով էլեկտրաէներգիա չի ներմուծում: Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
«Վրաստանից մենք էլեկտրաէներգիա ենք ներմուծում միայն այն դեպքում, երբ Երեւանի ՋԷԿ-ը վերանորոգման նպատակով փակվում է: Այդ ընթացքում մենք պետք է այլ աղբյուրներ փնտրենք՝ գազի դիմաց Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու համար»,- պարզաբանեց նախարարը:
Հարցին, ինչո՞ւ այդ նպատակով չեն օգտագործվում հայկական կայանները, նախարարը պատասխանեց՝ հիշեցնելով, որ ազատ հզորություն ունեն Հրազդանի ՋԷԿ-ը եւ ՀրազՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը («Գազպրոմ Հայաստան» ընկերությանը պատկանող): «Այդ համեմատաբար թանկ էլեկտրաէներգիա է, եւ եթե մենք սկսենք այն օգտագործել, փոխանակումը մեզ համար այլեւս շահավետ չի լինի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ «գազ-էլեկտրաէներգիա» փոխանակման մասին համաձայնագիրը գործում է 2009 թվականից: Իրանական 1 խոր. մետր գազի դիմաց, որը մատակարարվում է Երեւանի ՋԷԿ-ին, Հայաստանը 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում: Համաձայնագրի գործողության տարիների ընթացքում Հայաստանը 2 մլրդ խոր. մետր գազ է ստացել եւ 6 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտահանել:




























